

.gif)
Ամերիկահայ լրագրող, ամերիկյան առաջատար հեռուստաընկերություններից մեկի` Fox News-ի լրատվական բաժնի թղթակից Անիտա Վոգելը ծնվել է 1969թ նոյեմբերի 24-ին, ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Տարզանա քաղաքում:
Ուսում է ստացել Հարավային Կալիֆոռնիա համալսարանի լրագրության ֆակուլտետում` ստանալով հեռուստահաղորդավարի եւ քաղաքական լուրերի մեկնաբանի որակավորում:
Մինչեւ լրագրողի մասնագիտությամբ զբաղվելը Անիտան աշխատել է Նյու-Յորք նահանգի Շառլոտ քաղաքի միջնակարգ դպրոցներից մեկում որպես վարչական օգնական, որից հետո որպես վարչական մենեջեր` Konica ընկերությունում, զուգահեռ միեւնույն աշխատանքով է զբաղվել նաեւ Robinson, Bradshaw & Hinson, P.A. իրավաբանական ընկերությունում:
1999թ-ից աշխատել է Cornell համալսարանում որպես վարչական օգնական:
Մինչեւ FOX News հեռուստաստուդիա աշխատանքի անցնելն Անիտա Վոգելը որպես թղթակից աշխատել է NBC հեռուստաընկերության Ջեկսոնվիլ քաղաքի մասնաճյուղում, որտեղ աշխատած տարիներին օպերատիվ լուրեր ապահովելու համար արժանացել է Edward R. Murrow եւ տարածաշրջանային Էմմի մրցանակների: Զուգահեռ որպես թղթակից աշխատել է ABC հեռուստաընկերության Էրի քաղաքի մասնաճյուղում: Այնտեղ էլ լավագույն վավերագրական հաղորդումներ պատրաստելու համար պարգեւատրվել է Պենսիլվանիայի հեռարձակողների ասոցիացայի մրցանակով:
Ավելի ուշ աշխատել է NBC-ի Սակրամենտոյի ստուդիայում, որտեղ լուսաբանել է Կալիֆոռնիայի Նահանգային օրենսդիր մարմնի եւ Կառավարության գրասենյակի լուրերը:
Լրագրողական պրոֆեսիոնալ կարիերա Վոգելն սկսել է ABC News-ի վաշինգտոնյան գրասենյակում, որպես This Week with David Brinkley հաղորդաշարի փոխխմբագիր:
Հետո աշխատել է WTLV հեռուստաընկերությունում, 2001թ հոկտեմբերին տեղափոխվել է Fox News ստուդիայի Լոս-Անջելեսյան բյուրո եւ դարձել լրատվական բաժնի թղթակիցը:
Հայազգի լրագրողը ամուսնացած է եւ 2 որդիների մայր է: