

.gif)
Պոլսահայ ֆոտոլրագրող Արա Գյուլերը (կեղծանունը “Ստամբուլի աչք” կամ “Ստամբուլի լուսանկարիչ”) ծնվել է 1928թ օգոստոսի 16-ին: Դեռ դպրոցական տարիներին աշխատել է Թուրքիայի կինոստուդիաներում եւ հաճախել թատերական դասընթացների:
1950թ-ից սկսել է աշխատել “Նոր Ստամբուլ” թերթում` զուգահեռաբար ուսանելով Ստամբուլի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում: Որոշ ժամանակ անց տեղափոխվել է “Հյուրիեթ” թերթի խմբագրություն:
1958թ դարձել է ամերկյան “Լայֆ թայմ” հանդեսի թուրքական մասնաճյուղի Մերձավոր Արեւելքի առաջին թղթակիցը, ինչպես նաեւ գործակցել միջազգային մի քանի հեղինակավոր լրատվամիջոցների հետ` ֆրանսիական “Paris Match”, գերմանական “Stern՚” եւ բրիտանական “Sunday Times”:
1961թ ավարտելով զինվորական ծառայությունը` աշխատանքի է անցել “Հայաթ” թերթում` գլխավորելով լուսանկարչական բաժինը:
1960-ականներից Արա Գյուլերի լուսանկարները զարդարել են անվանի գրողների գրքեր եւ ցուցադրվել աշխարհի տարբեր ցուցահանդեսներում:
1970-ականներին ֆոտոհարցազրույցներ է վերցրել այնպիսի հեղինակավոր դեմքերից, ինչպիսիք են Ուինսթոն Չերչիլը, Մարիա Կալլասը, Ջոն Բերգերը, Բերնարդ Ռասսելը, Սալվադոր Դալին, Պաբլո Պիկասոն եւ այլոք:
1975թ նկարահանել է”Հերոսի վերջը” վավերագրական ֆիլմը:
Պարգեւատրվել է ֆրանսիական “Legion d’ honneur” եւ թուրքական “Grand prize of culture and art” մրցանակներով:
2000թ Թուրքիայում անցկացված հարցումների արդյունքում Արա Գյուլերի անունը գրվել է հազարամյակի 10 մեծագույն թուրքերի կողքին (թուրքական օրենսդրությամբ Թուրքիայի բոլոր քաղաքացիները “թուրք” են համարվում):
Արա Գյուլերը համարվում է Թուրքիայում ֆոտոնկարչության հիմնադիրը:
Ստամբուլի կենտրոնում Արա Գյուլերի արվեստանոցին հարող հատվածում գտնվող սրճարանը անվանակոչվել է “Արա Կաֆե”: