

.gif)
Բոլոր ժամանակների հայտնի լուսանկարիչ, կանադահայ Յուսուֆ (իսկական անունը Հովսեփ) Քարըշը ծնվել է Թուրքիայի Մարդին քաղաքում: Մեծացել է 20-րդ դարասկզբի Հայոց Ցեղասպանության ժամանակաշրջանում եւ ականատես է եղել հարազատներից մի քանիսի դաժան սպանություններին:
14 տարեկանում Յուսուֆի ընտանիքը գաղթել է Սիրիա: 2 տարի անց ծնողները նրան ուղարկել են Կանադա, բնակվելու հորեղբոր` Քվեբեկում բավական հայտնի լուսանկարիչ Ջորջ Նակաշի մոտ: Յուսուֆը մի քանի տարի սովորել է Քվեբեկի տարրական դպրոցներից մեկում եւ հորեղբորն օգնել ստուդիայում:
Զարմիկի մոտ լուսանկարչի մեծ տաղանդ եւ պոտենցյալ նկատելով` հորեղբայրը 1928թ տղային ուղարկում է Միացյալ Նահանգներ` սովորելու Բոստոնի Ջոն Գարոյի ստուդիայում:
Հաջողության հասնելու մեծ ձգտումով ու եռանդով լի Յուսուֆը 4 տարի անց վերադառնում է Կանադա: Մայրաքաղաք Օտտավայում` կառավարության նստավայի հարեւանությամբ հիմնում է իր սեփական ստուդիան: Նրա աշխատանքները հիացնում էին բազմաթիվ հայտնի մարդկանց, սակայն նրա աստեղային ժամը 1941թ դեկտեմբերի 30-ն էր, երբ Կանադայի Համայնքների պալատում ելույթից հետո լուսանկարեց ՈՒինսթոն Չերչիլին:
Այդ լուսանկարը համաշխարհային հռչակ բերեց Քարըշին, իսկ նկարը դարձավ ամենաշատ պատճենահանվող դիմանկար-լուսանկարն աշխարհում:
Դարի 100 հայտնի մարդկանց մասին ”Ով ով է” շարքից 51-ին Յուսուֆը լուսանկարել է:
1990-ականներին Քարըշը բնակություն է հաստատում Բոստոնում: Մահացել է 2002թ հուլիսի 13-ին` բարդ վիրահատության արդյունքում: Նրան հողին են հանձնել Օտտավայի “Notre Dame” գերեզմանոցում:
Քարըշի աշխատանքները զարդարում են Կանադայի “Ազգային պատկերասրահ”-ի, Նյու-Յորքի “Ժամանակակից արվեստներ”-ի եւ “Մետրոպոլիտեն” արվեստի թանգարանների, Ջորջ Էսթմանի “Ֆիլմերի եւ լուսանկարների միջազգային թանգարան”-ի, Ֆրանսիայի “Ազգային գրադարան”-ի, Լոնդոնի եւ եւ Ավստրիայի “Դիմանկարների ազգային թանգարան”-ի եւ շատ այլ հայտնի արվեստի կենտրոնների պատերը: