

.gif)
Ռումինահայ քաղաքական գործիչ, ազգային լիբերալ կուսակցության անդամ (2006թ-ից), Ռումինիայի առեւտրի եւ էկոնոմիկայի նախարար, տնտեսագետ եւ պոետ Վարուժան Ոսկանյանը ծնվել է 1958թ հուլիսի 25-ին Ռումինիայի Կրայովա քաղաքում, հայ ընտանիքում:
Ուսանել Ալեքսանդր Յոհան Կուզա միջնակարգ դպրոցում: Բարձրագույն կրթությունն ստացել է Բուխարեստի տնտեսական ուսումնասիրությունների ակադեմիայի շուկայագիտության ֆակուլտետում (ավարտել է 1982թ): Ապա շարունակել է ուսանել Բուխարեստի համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետում (ավարտել է 1991թ):
1998թ Բուխարեստի տնտեսական ուսումնասիրությունների ակադեմիայում պաշտպանելով գիտական թեզը` արժանացել է տնտեսագիտության դոկտորի կոչման:
1990թ հիմնել է “Ռումինիայի հայերի միությունը” եւ նախագահում է այն մինչ օրս: Երկու անգամ (1990-92թթ եւ 1992-96թթ) ընտրվել է դեպուտատների պալատի անդամ եւ 2 անգամ սենատոր` ներկայացնելով ազգային լիբերալ կուսակցությունը (1996-2000թթ եւ 2004-08թթ): Վերը նշվածներից բացի եղել է ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդարանական խմբի (1992-95թթ),ինչպես նաեւ խորհրդի անդամ (1993թ), մարդու իրավունքների եւ կրոնական փոքրամասնությունների հարցերով զբաղվող տնտեսական հանձնաժողովի (1990-92թթ) անդամ, տնտեսական քաղաքականության եւ բարեփոխումների հարցերով հանձնաժողովի անդամ:
1996թ հիմնել է ռումինական այլընտրանքային կուսակցությունը եւ ղեկավարել է այն մինչեւ 1999թ:
1999թ իրականացրել է աջակողմյան ուժերի համանախագահի պարտականությունները ի վերջո այդ կուսակցությունը միացել է ազգային լիբերալ կուսակցությանը:
1996թ սենատոր է ընտրվել եւ պաշտոնավարել մինչեւ 2000թ:
Ռումինիայի Սենատում զբաղեցրել է բյուջեի, ֆինանսավորման, բանկային գործառույթների եւ շուկայական կապիտալի հարցերով հանձնախմբի ղեկավարի պաշտոնը: 2006-2007թթ ղեկավարել է զբաղվածության եւ ազգաբնակչության սոցիալական պաշտպանության պետական հանձնաժողովը, ինչպես նաեւ Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (2004-2007թթ) Ռումինիայի կառավարական պատվիրակությունը:
2006թ-ից Ոսկանյանը նշանակվել է Ռումինիայի առեւտրի եւ էկոնոմիկայի նախարար, իսկ 2007թ-ից ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար:
Վարուժան Ոսկանյանը Բուխարեստի տնտեսական ուսումնասիրությունների ակադեմիայի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսոր է, 2005թ-ից Ռումինիայի գրողների միության նախագահն է, Ռումինիայի էկոնոմիկայի միության հիմնադրին ու նախագահը, Բրյուսելում քաղաքական ուսումնասիրությունների Եվրոպական կենտրոնի միջազգային փորձագետների խմբի անդամ (1992-95թթ), կանխատեսումների ազգային ինստիտուտի գիտական խորհրդի պատվավոր անդամ, էկոնոմիկայի ազգային ինստիտուտի բարձրաստիճան գիտաշխատող:
Ոսկանյանը հեղինակ է բազում գրքերի թե տնտեսագիտական եւ քաղաքական թեմաներով, թե գեղարվեստական գրականության ժանրի:
Հայազգի քաղաքական գործիչը նաեւ Ռումինիայի հումորիստների ասոցիացիայի անդամ է: