

.gif)
Սովետական շրջանի հայ ավիակոնստրուկտոր, ԳԱ ակադեմիկոս (1968թ), ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-գնդապետ Արտեմ կամ Անուշավան Հովհաննեսի Միկոյանը ծնվել է 1905թ-ի օգոստոսի 5-ին Լոռվա Սանահին գյուղում: Միջնակարգ կրթությունը ստանալուց հետո մինչեւ բանակ զորակոչվելը որպես խառատ աշխատել է Դոնի Ռոստովում, ապա Մոսկվայի "Դինամո" գործարանում: Ավելի ուշ ընդունվել է Ն. Ե. Ժուկովսկու անվան ռազմաօդային ինժեներական ակադեմիան:
Ուսանողական տարիներին` 1935թ-ին ընկերների հետ Միկոյանը ստեղծել է իր առաջին ինքնաթիռը` "Օկտյաբրյոնըկ"-ը: 1937թ-ին գերազանց գնահատականներով ավարտելով ակադեմիան` նշանակվել է թիվ 1 ավիագործարանի կոնստրուկտորական բաժնի փոխղեկավար:
1940թ-ին ինքնաթիռաշինության փորձակոնստրուկտորական բաժնի գլխավոր կոնստրուկտորն էր: Միկոյանի գլխավորությամբ ստեղծվել են մեծ բարձրության վրա օդային մարտեր մղելու համար նախատեսված "ՄԻԳ-1" եւ "ՄԻԳ-3", "Ե-250" կործանիչները, որոնք մոդաֆիկացվել ու կիրառվել է Մեծ Հայրենականում: Պատերազմից հետո Միկոյանի ղեկավարած փորձակոնստրուկտորական բաժնում նախագծվել են "ՄԻԳ-15", "ՄԻԳ-17", "ՄԻԳ-19", "ՄԻԳ-21","ՄԻԳ-23" եւ "ՄԻԳ-25" կործանիչները: Իսկ նրա ստեղծած ռեակտիվ ինքնաթիռներով սահմանվել են համաշխարհային 55 ռեկորդներ:
Միկոյանը մահացել է 1970թ-ի նոյեմբերի 9-ին սրտի վիրահատության ժամանակ: Մոսկվայի "Նաբերեժնոյ"-ի այն տանը, ուր ապրել է Միկոյանը, ի հիշատակ այժմ հուշատախտակ է դրված: