

.gif)
Ականավոր հայ ճարարապետ, ԽՍՀՄ արվեստի վաստակավոր գործիչ 1959թ, ինչպես նաեւ ԽՍՀՄ վաստակավոր ճարտարապետ 1968թ, ով հսկայական ավանդ ունի Երեւանի ներկայիս ճարտարապետական ոճի ձեւավորման գործում Միքայել Դավթի Մազմանյանն է: Ծնվել է 1899թ նոյեմբերի 21 Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսում: Ուսում ստացել է ծննդավայրի Ներսիսյան դպրոցում 1918թ: Ավարտելով դպրոցը 1921թ մեկնել է Մոսկվա եւ ընդունվել տեղի Վխուտեմասը եւ Վխուտեինն ավարտել է 1929թ:
Մասնակցել է հայ արվեստագետների միության Թիֆլիսում կազմակերպված առաջին 1917թ եւ երկրորդ` 1919թ ցուցահանդեսներին: 1924թ Երեւանում ձեւավորել է բեմադրություններ եւ կատարել ճարտարապետական գրականության մի շարք թարգմանություններ: 1929-32թթ Մոսկվայում ՎՕՊՐԱ-ի, Երեւանում` ՕՊՐԱ-ի հիմնադիր անդամներից է: 1930-35թթ եղել է Երեւանի ներկայիս ՃՇՊՀ Ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի առաջին ռեկտորը, 1932-37թթ միաժամանակ “Գիպրոգոր” նախագծային բյուրոյի ճարտարապետական արվեստանոցի ղեկավարը, 1954թ Երեւանի քաղխորհրդի գործկոմի, 1958-70թթ Երեւաննախագիծ ինստիտուտի ճարտարապետական հատակագծման բաժնի ղեկավարը, 1957-71թթ Սբ. Էջմիածնի Մայր աթոռի ճարտարապետաշինարարական հանձաժողովի նախագահը:
Կազմել է բարդ ռելիեֆի վրա տեղադրված Կապանի 1936թ, Բանավանի կառուցապատման, Նորավանի, Սիսիանի, Տաթեւի Շինուհայրի, Վանաձորի 1929-30թթ, Գյումրու 1932-37թթ հատակագծերը: Նրա նախագծով Երեւանում կառուցվել են Կառուցողների ակումբ 1928-29թթ, այժմ Ռուսական թատրոնի եւ սպորտկոմիտեի, Եր. Ջր. Ժեկ բնակելի “Շախմատաձեւ” տունը, Կենտրոնի հանրախանութը, Գրողների տունը, Աջափնյակ համայնք եւ այլն:
1939թ գործուղվել է Մոսկվա, ապա Ռուսաստանի հյուսիս, ուր մինչեւ 1954թ Գ. Բ. Քոչարի հետ նախագծել ու հիմնել է բեւեռային առաջին քաղաքը` Նորիլսկի եւ Դուդինսկի գլխավոր հատակագծերը: Մազմանյանի գլխավորությամբ մշակվել են Երեւանի բազմաթիվ համայնքների հատակագծերը 1967-68թթ, ապա 1 միլիոն բնակչի համար 1971թ հատակագիծը:
Վաստակաշատ ճարտարապետը կյանքից հեռացել է Երեւանում 1971թ հոկտեմբերի 29: