

.gif)
Ամերիկահայ ճանաչված պատմաբան, սոցիոլոգիայի պրոֆեսոր, գիտնական, Հայոց Ցեղասպանության հարցում միջազգային հեղինակություն վայելող փորձագետ Վահագն Դադրյանը ծնվել է 1926թ:
Հայտնի պատմաբանը նախ մաթեմատիկական կրթութուն է ստացել Բեռլինի համալսարանում, ապա որոշել է հիմնովին փոխել մասնագիտական ուղղվածությունը` շարունակելով ուսումը Վիենայի համալսարանի պատմաբանական ֆակուլտետում: Իսկ ավելի ուշ միջազգային իրավունք է ուսանել Ցյուրիխի համալսարանում: Ի վերջո Չիկագոյի համալսարանում սոցիոլոգիայի գծով թեկնածուական թեզ է պաշտպանել:
Մասնագիտացել է լեզուների ոլորտում` գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն, թուրքերեն եւ իհարկե հայերեն: Լեզուների իմացությունը նրան հնարավորություն է տվել լայնածավալ ուսումնասիրություն իրականացնել տարբեր երկրների արխիվներում` մի բան, որ մինչ այդ ոչ ոք չէր արել:
1970-90թթ Նյու-Յորքի համալսարանում Դադրյանն աշխատել է որպես սոցիոլոգիայի պրոֆեսոր: Դրանից հետո պրոֆեսոր-դասախոսի իր կարիերան մի կողմ դնելով` ողջ ժամանակը տրամադրել է` ղեկավարելու Հայոց Ցեղասպանության ուսումնասիրությամբ զբաղվող խումբը: Տարիներ շարունակ տնօրինել է “Guggenheim” հիմնադրամի կողմից հովանավորվող “Ցեղասպանության ուսումնասիրման” լայնածավալ նախագիծը: Վերջինիս ամենամեծ ձեռքբերումը 1995թ հրատարակված “Հայոց Ցեղասպանության պատմությունը. Էթինկ հակամարտություն Բալկաններից Անատոլիա եւ Կովկաս” աշխատությունն էր, որը լույս է տեսել Ֆրանսիայում, Իտալիայում, Ռուսաստանում եւ Հունաստանում:
Պրոֆեսոր Դադրյանի հաջորդ խոշոր աշխատությունը “Գերմանացիների պատասխանատվությունը Հայոց Ցեղասպանության մեջ. Գերմանիայի մեղսակցության պատմական վկայության դիտարկում” գիրքն էր, որը հրատարակվել է 1996թ: Նրա 3-րդ գիրքը` “Երաշխիք Գերմանիային. Հայ-թուրքական հակամարտության կարեւոր տարրերը” լույս տեսել 1996թ: Իսկ նրա առայժմ վերջին` “Հայոց Ցեղասպանության թուրքական մերժման կարեւոր տարրերը” գիրքը հրատարակվել է 1999թ:
Հայոց Ցեղասպանության հարցում իրականացրած մանրակրկիտ ուսումասիրությունների համար Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիան Դադրյանին դոկտորի աստիճան է շնորհել, իսկ ավելի ուշ` 1998թ դարձել է ԳԱԱ անդամ եւ նույն թվին էլ արվեստի ու պատմության ոլորտում ներդրած մեծ ավանդի համար պարգեւատրվել ՀՀ ամենաբարձր պարգեւով` Խորենացի մեդալով:
Վերջին 12 տարիներին Դադրյանը դասավանդում է Եվրոպական այնպիսի հայտնի համալսարաններում, ինչպիսիք են Բեռլինի, Մյունխենի, Պարմայի, Թուրինի, Ցյուրիխի, Ուպսալայի, Ֆրանկֆուրտի, Քյոլնի, Ամստերդամի, Ուտրեխտի, Ժնեւի, Բրյուսելի համալսարանները եւ Փարիզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնը: Պրոֆեսոր Դադրյանն առաջին հայ գիտնականն էր, ում 1995թ հրավիրեցին Բրիտանիայի խորհրդարան` համայնքների պալատում Հայոց Ցեղասպանության հիշատակման 80 ամյակի առիթով դասախոսություն կարդալու:
Իսկ Ցեղասպանության 90 ամյակի առիթով 2005թ ապրիլին Հայաստանում կարդացած դասախոսություններից հետո Հայաստանի 4 համալսարանների կողմից Դադարյանը հռչակվեց պատվավոր պրոֆեսոր: Բացի այդ, նա 3 ոսկե մեդալ ստացավ:
Այժմ պրոֆեսորը ղեկավարում է Ցեղասպանության ուսումնասիրման “Զորյան” ինստիտուտը (Կանադա):