

.gif)
Շատին վանքն անվանում են նաեւ Շատիկ անապատ: Կառուցվել է Վայոց ձորի Շատիկ գյուղից 4 կմ արլ., Եղեգիս գետի ձախ ափին բարձրացող լեռան լանջին: Պատմիչ Ստեփանոս Օրբելյանի վկայությունների համաձայն 929թ վանքը հիմնել է Սյունյաց Տեր-Հակոբ եպիսկոպոսը: Ըստ պատմիչի վանքը եղել է “խստակրոն, մեծահռչակ մշտնջենավորանոց”: Վանքում պահպանվել են 10-15 դարերի վիմագիր արձանագրություններ եւ դրանց բեկորները: 15 դարից հետո վանքն անկում է ապրել, հավանաբար ավերվել է, քանի որ 17 դարում նույն տեղում նոր վանք է կառուցվել: Ներկայիս եկեղեցին 2 զույգ տեաձեւ մույթերով, կիսաշրջանաձեւ խորանի 2 կողմում ուղղանկյուն ավանդատներով, երկթեք տանիքով եռանավ բազիլիկի տեսք ունի, որը 1655թ կառուցվել է եւ սրբատաշ բազալտից ու կոչվում է Սբ. Սիոն եկեղեցի: Մեկենասը նախկին վաճառական Հակոբ Ջուղայեցին էր, ում անունով մարմարե խաչքար է կառուցվել եւ դրվել վանքի Սբ. Սիոն եկեղեցու արմ. դռան վերեւում: 17-րդ դարի 2-րդ կեսին վանքի միաբանությունը որոշել է այն վերահաստատել որպես անապատ, սակայն համապատասխան կանոնադրություն չի ունեցել: 17-րդ դարում պատմիչ Զաքարիա Սարկավագի հավաստմամբ դիմել են Հովհաննավանքի եպիսկոպոս Հովհաննեսի օգնությանը: Վերափոխումից հետո վանքը կոչվել է Շատիկ անապատ եւ հետագայում հիշատակվել այդ անունով: Վանքի ուղղանկյուն հատակագծով հրվ.-ից 3 կիսաշրջանաձեւ բուրգերով ուժեղացված պարիսպներ կան, դրանց կից սենյակներ, սեղանատուն, որն այժմ կիսավեր վիճակում է, իսկ պարիսպաներից դուրս գոմն ու ախոռն է: Վանքն ուշ միջնադարում եղել է Սյունիքի կրոնական կրոնական եւ մշակութային խոշոր կենտրոնը: Բարգավաճմանը նպաստել են նրա ճիշտ աշխարհագրական դիրքը եւ սերտ կապերը Ջուղայի եւ Գողթի հետ: Հայտնի գրչության կենտրոն է եղել Շատիկը եւ այդ գործում մեծ ավանդ է ունեցել Հակոբ Ջուղայեցին: