

.gif)
ԱՄՆ արեւմտյան թեմը կազմավորվել է 1927թ Ամենայն Հայոց կաթողիկոս Գեւորգ Ե. Սուրենյանցի կոնդակով: Առաջնորդանիստը Կալիֆոռնիա նահանգի Լոս-Անջելես քաղաքի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է:
Մինչ արեւմտյան թեւի ձեւավորումը Միացյալ Նահանգների հայ համայնքը միավորված է եղել մեկ թեմում, որը հիմնադրվել է 1898թ Ամենայն Հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա. Վանեցու կոնդակով: Կենտրոնը եղել է Մասաչուսեթս նահանգի Ուստր քաղաքը, 1923թ-ից` Բեստոնը, իսկ 1927թ-ից` Նյու-Յորքը:
ԱՄՆ արեւմտյան թեմի գործունեությունը տարածվում է ԱՄՆ արեւմտյան նահանգների վրա` իր մեջ ներառելով 25 ծուխ: Առաջնորդարանը սկզբում եղել է Ֆրեզնոյում, իսկ 1957թ-ից Լոս-Անջելեսում: Թեմի առաջին առաջնորդը Գարեգին եպիսկոպոս Խաչատրյանն է եղել, ով ավելի ուշ կարգվել է Կ.Պոլսի հայոց պատրիարք:
Տարբեր տարիներին ԱՄՆ թեմը գլխավորել են Շնորհք եպիսկոպոս Գալուստյանը (1953-56թթ), Թորգոմ եպիսկոպոս Մանուկյանը (1962-66թթ) եւ այլոք:
Թեմի տարածքում գործում է հին հայկական եկեղեցիներից Սբ. Պողոսը (1900 թ), Սբ. Գրիգոր Լուսավորիչը (1910թ), Սբ. Աստվածածինը (1911թ), Սբ. Հովհաննեսը (1924թ), Սբ. Վարդանը (1926թ) եւ 20 այլ եկեղեցիներ տարբեր քաղաքներում:
Թեմի առաջնորդարանին կից գործում է հայաստանյաց եկեղեցու երիտասարդական կազմակերպության, տիկնանց միության կիրակնօրյա վարժարանների խորհուրդը, որը բազմաթիվ մասնաճյուղեր ունի:
1999թ թեմի հոգեւորականների թիվը հասնում էր 30-ի: Նրանց մի մասը հոգեւոր կրթություն ստացել են Նյու-Յորքի Տիրան արքեպիսկոպոս Ներսիսյանի հիմնած Սբ. Ներսես ընծայարանում:
Թեմն իր գործունեության բաժինն ունի Սբ. Ներսես ընծայարանի հոգեւոր առաքելությունում: Լոս-Անջելեսում կա 15 ամենօրյան հայկական վարժարան: Առաջնորդարանի հովանու տակ գործում է Ալֆրեդ եւ Մարգարեթ Հովսեփյան ամենօրյա հայկական վարժարանը, ՀԲԸՄ (Հայ Բարեգործական Ընդհանուր Միության) Մարի Մանուկյան կրթահամալրիը եւ ՀԲԸՄ-ի 2-րդ` Սարգիս եւ Սեդա կրթահամալրիը:
1979թ-ից թեմը հրատարակում է “Մայր եկեղեցի” պաշտոնաթերթի հայերեն եւ անգլերեն տարբերակները:
1971թ-ից ԱՄՆ արեւմտյան թեմի առաջնորդն է Վաչե արքեպիսկոպոս Հովսեփյանը: