

.gif)
Ախթամարի Սբ. Խաչ եկեղեցին գտնվում է Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Ռշտունիք գավառում, Վանա լճի հրվ. արլ. կողմում տարածքվող Ախթամար կղզում: Ախթամարում է գործել Վասպուրականի Արծրունյաց թագավորության հոգեւոր կենտրոնը, ինչպես նաեւ Ախթամարի կաթողիկոսությունը (12-14 դդ):
915-21թթ Գագիկ Արծրունու հովանավորությամբ կառուցվել է Սբ. Խաչ եկեղեցին: Այն քառախորան, խաչաձեւ գմբեթավոր հորինվածքով կառույց է: 1280թ Ախթամարի Ստեփանոս Գ Տղա Սեֆեդինյան կաթողիկոսը նորոգել է Սբ. Խաչի վեղարը: 1293թ Սբ. Խաչի հրվ. արլ. Հոռոմշահի որդիներ Ստեփանոսը եւ Սարգիսը կառուցել են Սբ. Ստեփանոս թաղածածկ եկեղեցին: 1296թ Ախթամարի Զաքարիա Ա. Սեֆեդինյան կաթողիկոսը կառուցել է Սբ. Խաչից հս. արլ. Սբ. Սարգիս միանավ մատուռը, ժամատուն, վերնատուն եւ դարպասներ:
1735-36թթ Ախթամարի Բաղդասար Բաղիշեցի կաթողիկոսի օրոք վանքն անկման ժամանակաշրջան է ապրել:
Ախթամարի վերջին կաթողիկոս Խաչատուր Բ Շիրոյանը 1864-95թթ կառուցել է վեհարան, դպրոց եւ թանգարան: Ախթամարի վանական համալիրում են գտնվում Սբ. Գեւորգ եւ Սբ. Աստվածածին մատուռները եւ Սբ. Խաչ եկեղեցու 12-19 դդ գերեզմանատունը` Ախթամարի կաթողիկոսների տապանաքարերով եւ խաչքարերով: Այժմ կանգուն է միայն վանական համալիրի Սբ. Խաչ եկեղեցին: Արտաքինից այդ կառույցը հրաշագեղ զարդաքանդակներով է պատված: Եկեցեղու ճակատային մասում 4 ավետարանիչների քանդակներ են, իսկ ներսի պատերին “Ավետման”, “Ծնունդի”, “Մկրտության”, “Քրիստոսի քարոզի”, “Ոտնլվայի”, “Խաչելության” եւ ավետարանական թեմաներով այլ որմնանկարներ:
Վանքում 10-րդ դարում կազմավորվել ու զարթոնք է ապրել գրչության կենտրոնը: