

.gif)
Ախթալայի Սբ. Աստվածածին եկեղեցին կառուցվել է Լոռվա գեղատեսիլ բնության գրկում, Ախթալա քաղաքում, ժայռապատ ձորերով երիզված բարձր հրվանդանի վրա:
Վանական համալիրն իր անունն ստացել է ուշ միջնադարում:
Ախթալայի վանքը եղել է հս. Հայաստանի ամենամեծ քաղկեդոնական վանքը եւ 12-13 դդ նշանակալի դեր է խաղացել երկրի հեգեւոր, մշակութային եւ կրթական կյանքում:
Տարածքը շրջապատված է եղել 10 դարի Կյուրիկյան Բագրատունիների օրոք կառուցված ամրոցի բրգավոր պարիսպներով: Վանքի գլխավոր մուտքը հյուսիսային կողմից է եղել: Այն թաղածածկ հատակագծով եռահարկ բրգաձեւ աշտարակ է:
13 դարում Իվանե Ա Զաքարյանը վանքը վերածել է քաղկեդոնական մենաստանի: Ախթալայի գլխավոր` 13 դարի Սբ. Աստվածածին եկեղեցին գտնվում է ամրոցի կենտրոնում եւ ունի մեկ զույգ մույթերով գմբեթի հորինվածք: Եկեղեցու աղոթասրահն արլ. կողմում ավարտվում է երկհարկ ավանդատներով: Սբ. Աստվածածնի ճակատային հարդարանքն առանձնանում է զույգ պատուհանների միջից բարձրացող մեծադիր քանդակազարդ խաչքարերով եւ շքամուտքերով: Արլ. ճակատը մշակված է եռանկյունաձեւ խորշերով: Սբ. Աստվածածնին կից արեւելքից սրահ կա եւ փոքր ու արտաքուստ հարուստ դեկորացիայով թաղածածկ ուղղանկյուն խորանով 13 դարի եկեղեցի, որի արլ. ճակատից դուրս է գալիս կիսաշրջանաձեւ խորան: Վանքն ունեցել է բնակելի տներ եւ այլ օժանդակ կառույցներ:
1976-78թթ համալիրը մասնակի նորոգվել է: Սբ. Աստվածածին եկեղեցու ներսն ամբողջովին նկարազարդ է Հին եւ Նոր կտակարաների թեմաներով: Խորանի գմբեթին Աստվածածինն է գահին նստած, նրանից ցած “Հաղորդության” տեսարանն է: Որմնանկարների ստորին շերտը 11 դարի մանրանկարչության, հատկապես “Մուղնու Ավետարանի” պատկերազարդման հետ է կապված: