

.gif)
Աշոտ Գ Բագրատունի թագավորի օրոք հիմնադրված Հաղպատի վանքը գտնվում է ՀՀ Լոռվա մարզում` կիրճերով եզերված սարահարթին: Հաղպատը եղել է միջնադարյան Հայաստանի հոգեւոր եւ մշակութային կենտրոններից: Այնտեղ գրվել են բազմաթիվ գրքեր եւ ձեռագրեր, այդ թվում 1211թ “Հաղպատի Ավետարանը”:
Հաղպատի վանական համալիրի կազմում են գտնվում Սբ. Նշան եկեղեցին, 2 գավիթներ, 3 փոքր եկեղեցիներ, 2 տապանատուն, սեղանատուն, գրատուն, զանգակատուն, մի քանի մատուռ-դամբարաններ եւ խաչքարեր:
Համալիրը շրջապատված է աշտարակավոր պարիսպներով: Համալիրի ամենահին եկեղեցին կապտավուն սրբատաշ բազալտից Սբ. Նշան եկեղեցին է, որը հիմնել է Խոսրովանույշ թագուհին: Այն ընդարձակ եւ վերսլաց գմբեթավոր դահլիճ է, որի երկայնական պատերին հպված հզոր որմնամույթերին են հանգում գմբեթակիր կամարները: Կառույցը մինչ օրս կանգուն է այն տեսքով, ինչպես որ հիմնադրվել է եւ վերանորոգման աշխատանքների արդյունքում էական փոփոխությունների չի ենթարկվել:
Տաճարի արմ. կից 13 դ կառուցված գավիթն է, որի ծածակն իրականացվել է փոխհատվող կամարների սկզբունքով: Նորամուծություն է ներքին հորինվածքը` 2 զույգ լայնաթռիչք կամարները արմ. մասում հատվում են 2 սյուների:
Գլխավոր տաճարից հս. վանահայր Համազասպը 1257թ հիմնել է ընդարձակ գավիթ, որը կոչվում է նաեւ “Համազասպի շենք”: Կառույցը երդիկավոր, կամարակազմ ծածկով գավիթով շինություն է:
“Համազասպի շենքի” եւ գրատան միջեւ ընկած տարածքը ծածկվել է թաղով եւ վերածվել տապանատան: Դրա շարունակության վրա ձգվում է միջանցքանման 2-րդ տապանատունը:
Հուշարձանախմբի արլ. մասում 1245թ կառուցված զանգակատունն է: Համալիրի հս. մասում 13 դ սեղանատունն է: Տարածքը հարուստ է խաչքարերով: Հայտնի են 1273թ “Ամենափրկիչ” խաչքարը: Տաճարի Ավագ խորանը եւ մնացած կառույցների առանձին հատվածներ ծածկված են որմնանկարներով: Հուշարձանախմբից մի փոքր հեռու 1258թ կառուցված աղբյուր կա:
1953թ համալիրում վերանորոգման աշխատանքներ են իրականացվել: